Բանավոր պատմությունների թվանշային շտեմարան
Շտեմարանի մասին
Թվանշային բանավոր պատմությունների շտեմարանը ստեղծվել է ճգնաժամեր, մասնավորապես բռնի տեղահանություններ վերապրածների հիշողություններն ու պատմությունները պահպանելու, համակարգելու և հետազոտական ու կրթական նպատակներով հասանելի դարձնելու համար։
Շտեմարանի ձևավորման հիմքում թիմի կողմից 2024-2026 թթ. իրականացվող «Վիրտուալ Արցախ․ բանավոր պատմությունների թվանշային շտեմարան» հետազոտական նախագիծն է, որի նպատակն է Արցախի առնվազն վերջին երեք տասնամյակների պատմության, առօրյա կյանքի, ոչ նյութական մշակութային ժառանգության մասին բանավոր պատմությունների գրանցումը, պահպանումը և շտեմարանավորումը։ Նախագիծն իրականացվում է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մշակութային մարդաբանության և կիրառական ազգաբանության բաժինների մի խումբ գիտաշխատողների կողմից՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան աջակցությամբ։
«Ճգնաժամ և հիշողություն․ թվանշային բանավոր պատմությունների լաբորատորիա» ծրագրի շրջանակում շտեմարանավորումը շարունակվում է՝ կենտրոնանալով 2022 թվականին սկսված Արցախի շրջափակման և 2023 թվականի արցախահայության բռնի տեղահանության, հետտեղահանային ինտեգրման փորձառությունների մասին բանավոր պատմությունների վրա։
Հաշվի առնելով հավաքված նյութերի զգայուն բնույթը և անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունը՝ հարթակը ներկայումս հանրային հասանելիություն չունի։ Միևնույն ժամանակ, մշակվում են նյութերի հասանելիության և օգտագործման տարբեր մոտեցումներ՝ ապահովելով ինչպես հետազոտական կիրառելիությունը, այնպես էլ էթիկական և իրավական նորմերի պահպանումը։
Շտեմարանի կարևոր առանձնահատկություններից է տեսակավորման գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս դասակարգված նյութերը որոնել ըստ տարբեր մետատվյալների՝ տարիքային խմբի, սեռի, բնակավայրի, թեմատիկ կոդերի, բարբառի ևն։ Ընդլայնված որոնման միջոցով հնարավորություն է ստեղծվում ամբողջ հավաքածուում իրականացնել որոնում ըստ նախադասությունների, բառերի և բառարմատների՝ ստանալով վիճակագրություն որոնման արդյունքների վերաբերյալ։
Նախագծի կարևոր ուղղություններից մեկը դաշտային նյութերի թվանշային մշակումն ու հետազոտական կիրառումն է։ Այս նպատակով մենք համագործակցում ենք Առաջատար ծրագրային տեխնոլոգիաների կենտրոնի (CAST) հետ, որը մշակում և կիրառում է արհեստական բանականության վրա հիմնված հայերեն ձայնային տեխնոլոգիաներ՝ խոսքից տեքստ և տեքստից խոսք փոխակերպումների համար։ Ծրագրի շրջանակում հավաքված ձայնագրություններն ու դրանց տեքստայնացումները նպաստում են այս տեխնոլոգիաների զարգացմանն ու կատարելագործմանը, իսկ դրանց կիրառումը շտեմարանում հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ իրականացնել մեր հավաքած բանավոր պատմությունների ձայնագրությունների տեքստայնացումն ու հետագա մշակումը։ Բացի դրանից, շտեմարանը համալրվում է տեքստի և ձայնագրության համադրման գործիքով՝ հնարավորություն տալով միաժամանակ աշխատել հարցազրույցների տեքստային և ձայնային տարբերակների հետ։ Նախագծի ընթացքում մշակվում են նաև շտեմարանի ինստիտուցիոնալացման, նյութերի պահպանման և օգտագործման հետ կապված էթիկական և իրավական փաստաթղթերի փաթեթներ, որոնք ապագայում կկարգավորեն հավաքածուների մուտքագրման, հասանելիության և օգտագործման գործընթացները։
Այս պահին շտեմարանը ներառում է շուրջ 160 բանավոր պատմության հարցազրույց, որոնք գտնվում են տեքստայնացման, կոդավորման, համադրման և շտեմարան մուտքագրման փուլում։
Ժամանակի ընթացքում շտեմարանը կհամալրվի նաև ինստիտուտում իրականացված այլ հետազոտական ծրագրերի շրջանակում հավաքված նյութերի հավաքածուներով, որոնք առնչվում են խորհրդային ժամանակաշրջանի քաղաքական բռնաճնշումներին, 90-ականների սոցիալական ճգնաժամին և այլն։
Շտեմարանի հնարավորությունները
Մեր թվային շտեմարանը հզոր գործիքներ է տրամադրում բանավոր պատմության հարցազրույցների որոնման, դիտարկման և վերլուծության համար
Ընդլայնված որոնում
Փնտրեք ըստ նախադասությունների, բառերի և բառարմատների
Մետատվյալներ և մեկնաբանություններ
Համապարփակ մետատվյալներ և թեմատիկ մեկնաբանություններ յուրաքանչյուր հարցազրույցի համար
Համայնքային հավաքածուներ
Տեսեք ընտրացված հավաքածուները՝ դասավորված ըստ թեմայի և տարածաշրջանի
Էթիկական մուտք
Կառավարելի մուտք՝ հարգելով գաղտնիությունը և համաձայնագրերը
Ձայնից տեքստ համադրում
Հարցազրույցի ձայնագրության և տեքստի համադրում
Ընտրված հավաքածուներ
Explore our curated collections of oral histories organized by theme and region
160+ interviews
2020-2023թթ․ Արցախյան տեղահանություն
Ընթացիկ
200+ interviews
Խորհրդային շրջանի քաղաքական բռնաճնշումներ
Սպասվող
+120 interviews
90-ականներ. ճգնաժամ և անցում
Սպասվող
Հայտ ներկայացնել
Ամբողջական թվային շտեմարանի հասանելիությունը բաց է հետազոտողների, կրթողների և համայնքի անդամների համար՝ հայտերի համակարգի միջոցով:
- Լրացրեք մուտքի հայտի ձևը
- Բացատրեք նյութերի օգտագործման ձեր նպատակը
- Համաձայնվեք էթիկական օգտագործման մեր ուղեցույցներին
- Ստացեք հաստատում 5–7 աշխատանքային օրվա ընթացքում
Մուտքի կատեգորիաներ
Հանրային մուտք
Ընտրված հարցազրույցներ և հավաքածուներ, որոնք հասանելի են հանրային դիտման և կրթական նպատակների համար:
Հետազոտողների մուտք
Ամբողջական մուտք շտեմարանին ակադեմիական հետազոտողների համար՝ հաստատված հետազոտական նախագծերի դեպքում:
Համայնքային մուտք
Հատուկ մուտքի դրույթներ համայնքի անդամների և տեղահանված անձանց համար: